ՀայաստանՍոցիալական

Երևանի մետրոպոլիտենն արդիականացվում է, բայց դեռ հարմարավետ չէ

Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման համար արդեն ծախսվել է 1,06 մլրդ դրամ։ Միջոցներն օգտագործվել են և շարունակում են օգտագործվել պահեստների վերանորոգման, էներգահամակարգերի արդիականացման և շարժասանդուղքների փոխարինման համար։

«Սասունցի Դավիթ» մետրոյի կայարանում շարժասանդուղքների փոխարինման համար ծախսվել է 114 մլն դրամ։ Հաջորդ փուլով քաղաքապետարանը արդիականացնելու է «Զորավար Անդրանիկ» մետրո կայարանի շարժասանդուղքները։ Դրա համար նախատեսվում է հատկացնել 504 մլն դրամ։ Վերակառուցվել են նաև «Գործարանային» մետրո կայարանի երեք շարժասանդուղքները։

Չնայած արդիականացմանը՝ մետրոյի վագոններ շատ հաճախ հնարավոր չի լինում նստել։ Հատկապես առավոտյան և երեկոյան, երբ ուղևորահոսքը բարձր է։ Շատերը նույնիսկ ստիպված գալիս են մետրոպոլիտենի առաջին կայարան՝ «Գարեգին Նժդեհ», որ կարողանան վագոններում նստել։ Բացի դա՝ դեռևս շարունակում են հերթեր առաջանալ մետրոների մուտքի մոտ։ Մարդիկ չեն կարողանում վճարումներ իրականացնել NFC տարբերակով։