ՀայաստանՍոցիալական

Ի՞նչ իրավիճակ է Վերին Լարսում և Հայաստանի ճանապարհներին

Վատ եղանակային պայմանների պատճառով Վերին Լարսի անցակետը ժամանակավորապես փակվել է բեռնատար ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը՝ նշելով, որ Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս միջազգային մայրուղում սահմանափակումները պայմանավորված են բքով և տեսանելիության կտրուկ նվազումով։

Միևնույն ժամանակ, նշվում է, որ թեթև և մարդատար ավտոմեքենաների համար սահմանային անցակետը շարունակում է գործել։ Հիշեցնենք, որ ռազմավարական նշանակություն ունեցող Վերին Լարսի ճանապարհը Հայաստանի և Ռուսաստանի միջև գործող միակ ցամաքային կապն է Վրաստանի տարածքով։

Միևնույն ժամանակ, Հայաստանում դեկտեմբերի 26-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, մի շարք մարզերում շարունակվում են ձմեռային տեղումները։ Ձյան տեղումներ են գրանցվել Արարատի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի և Գորիսի տարածաշրջաններում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում։

Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում առկա է մառախուղ, տեսանելիությունը չի գերազանցում 30–40 մետրը։ Նշվում է, որ հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, իրականացվում են ձնամաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։

Վարորդներին հորդորում են պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել միայն ձմեռային անվադողերով։