
Մայր Աթոռը 1,5 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրել արցախցիներին
Այս տարվա ընթացքում Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն ու թեմերը տրամադրել են ավելի քան 1,5 միլիոն դոլարի (608 մլն դրամ) աջակցություն՝ սոցիալապես անապահով, Արցախից տեղահանված, զոհված զինծառայողների, բազմազավակ ընտանիքների և սփյուռքյան համայնքների մարդասիրական ծրագրերին։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Մարտի 11-14-ը կայացած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ, քննարկվել են 2024 թվականի իրականացված ծրագրերը, ինչպես նաև ներկա իրողություններն ու տարբեր հարցեր։
Խորհուրդը նաև լսել է «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի զեկույցը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ։ Ավելի վաղ խորհուրդը դատապարտել էր Բաքվում ընթացող շինծու դատավարությունները և կարևորել Հայաստանի պետական մարմինների ու համահայկական կառույցների ջանքերի համախմբումը։
Մայր աթոռն ու թեմերը Արցախից բռնի տեղահանության առաջին օրերից աջակցել են արցախահայերին՝ հոգևոր, սոցիալական ու հումանիտար ծրագրերով։ Ըստ Սոցիալական ծառայության ղեկավարի՝, 2023 թվականի հունվարի սկզբից շուրջ 360 տոննա սննդամթերքի, մանկական ուտելիքի և հիգիենայի պարագաների առաքում է իրականացվել շրջափակման մեջ գտնվող արցախցիներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և տարբեր թեմերից (արժեքը՝ շուրջ 300,000,000 դրամ)։
Ըստ Սոցիալական ծառայության հաշվետվության՝ միայն 2023 թվականի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության գրասենյակի կողմից իրականացված ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 911,000,000 դրամ։ Սակայն, ըստ Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի՝ առանձին թեմերը ևս ցուցաբերել են օգնություն, որը արտահայտված չէ այս հաշվետվության մեջ։