Հայաստանում բնակչության աճ է արձանագրվել և՛ քաղաքներում, և՛ գյուղերում
Վիճակագրական կոմիտեի հրապարակած «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու 2025»-ի տվյալներով՝ երկրի քաղաքային բնակչությունը հասել է 1 մլն 971 հազար 200-ի, իսկ գյուղական բնակչությունը՝ 1 մլն 105 հազարի։
Նախորդ տարվա համեմատ քաղաքներում բնակչության թիվն աճել է 55 հազար 900-ով, իսկ գյուղերում՝ 29 հազար 100-ով։ Մասնագետները սա գնահատում են որպես ժողովրդագրական դրական տեղաշարժ՝ հատկապես հաշվի առնելով վերջին տարիների արտագաղթի միտումները։
Մարզերի կտրվածքով քաղաքային բնակչության թվով առաջին տեղում Կոտայքն է՝ 160 հազար 800 բնակչով, իսկ գյուղական բնակչության ամենամեծ թիվը գրանցվել է Արարատի մարզում՝ 192 հազար մարդ։
Չնայած քաղաքաբնկաների թվով առաջին տեղում Կոտայքի մարզն է, այնուամենայնիվ Գյումրին Երևանից հետո հաջորդ ուրբանիզացված քաղաքն է՝ 114 հազար բնակչությամբ։
Ընդհանուր ատռմամբ Հայաստանում 3 միլիոն 76 հազար մարդ է բնակվում, որից 1 միլիոն 141 հազարը՝ Երևանում։ Բնակչության թվաքանակով հաջորդ մարզը Կոտայքն է, այնուհետև՝ Արարատն ու Արմավիրը։ Ամենաքիչ բնակչությունը ունի Վայոց ձորի մարզը՝ շուրջ 49 հազար բնակիչ։
Ժողովրդագրական տվյալները վկայում են, որ բնակչության աճը համաչափ չէ, սակայն միտումները ընդհանուր առմամբ դրական են, ինչը կարող է ազդել ինչպես սոցիալ-տնտեսական ծրագրերի, այնպես էլ տարածաշրջանային զարգացման քաղաքականության վրա։
