Շուրջ 3 օր առանց էլեկտրաէներգիայի մնացած 11․500 քաղաքացիների խնդիրը լուծվել է․ էլեկտրամատակարարուը վերականգնվել է
Երևանի ենթակայաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված բոլոր հասցեներում արդեն վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Այդ մասին հայտնել են Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունից։
Խոսքը «Վարդաշեն» 110/35/6 կՎ ենթակայանի մասին է, որտեղ բռնկված հրդեհի հետևանքով առանց հոսանքի էին մնացել մայրաքաղաքի մի շարք հատվածներ։ Վթարի հետևանքով հոսանքազրկվել էր շուրջ 50 հազար բաժանորդ, որոնցից 40 հազարի խնդիրը հնարավոր էր եղել մեկ օրվա ընթացքում լուծել։ Մյուս 11․500 բնակիչնեի համար էլ էլեկտրամատակարարումը վերականգնվել է հաջորդ օրը՝ «Վարդաշեն» ենթակայանից սնվող բաժանորդներին հերթականությամբ լարման տակ դնելու միջոցով։ Այդ մասին հայտնել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Հարկ է նշել, որ այդ տարածքում էր գտնվում նաև Գրիգոր Լուսավորիչ ծննդատունը, որտեղ մինչև կենտրոնական մատակարարման վերականգնումը էլեկտրամատակարարումն իրականացվել է դիզելային գեներատորների միջոցով,
Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է դեկտեմբերի 27-ին՝ կեսգիշերին մոտ, Երևանի Նուբարաշենի խճուղուց դեպի Էրեբունու թանգարան տանող ավտոճանապարհի հատվածում՝ մոտ 200 քմ տարածքում։ Մասամբ այրվել է ենթակայանի գույքը։ Հրդեհը մեկուսացվել է դեկտեմբերի 28-ին՝ ժամը 00։53-ին, մարվել՝ 01։20-ին։
ՀէՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ վթարի պատճառները պարզելու նպատակով ՀԷՑ-ում իրականացվում է ներքին հետաքննություն, ինչպես նաև ստուգումներ են անցկացվել այլ ենթակայաններում։ Միաժամանակ հայտարարվել է, որ նախատոնական և տոնական օրերին էլեկտրացանցերում սահմանվել է ուժեղացված հերթապահություն։
