ՀայաստանՍոցիալական

Բուսաբանական այգում ծառեր են հատվում․ բնապահպանները ահազանգում են

Մարտի 17-ից համացանցում մեծ արձագանք են գտել Բուսաբանական այգում տեղի ունեցած ծառահատումների մասին լուրերը։ Տնօրինության, բնապահպանների և ականատեսների կարծիքները այստեղ հակասում են միմյանց։ Պարզվել էր, որ Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցների հատման կետին մոտ՝ Բուսաբանական այգու տարածքում, շուրջ 30 կաղնի ծառ է կտրվել։ Մարտի 18-ին Բուսաբանական այգու տնօրինությունը հայտարարել էր, մոտ 20 հատը հատվել են վերջին երկու տարվա` 2023-24 թվականների ընթացքում: 

Տնօրեն Ժաննա Հովակիմյանը նշել էր, որ ինքը երկու ամիս է նշանակվել, դեռ գույքագրումը չի ավարտվել։

Բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է, որ ինքը վաղուց է արձագանքել այգում տեղի ունեցող իրադարձություններին, բայց իրեն ոչ ոք չի լսել։ Նա նշեց, որ տարիներ առաջ, երբ ինքը ահազանգել էր Ծարավ աղբյուրի հատվածում ծառահատումների մասին, իրեն ասել էին, որ հիշատակի պուրակ են սարքելու։ Բայց այսօր կարելի է տեսնել, որ այդ տարածքում ավտոմեքենաների կայանատեղի են կառուցել։

Սիլվա Ադամյանը տարօրինակ համարեց նաև նոր տնօրինության հայտարարությունները, թե իրենք ոչինչ չգիտեն հատված ծառերի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Բուսաբանական այգին Գիտությունների ազգային ակադեմիայի Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի կազմում ընդգրկված գիտական, էկոկրթական, ուսումնական և ռեկրեացիոն նշանակության հաստատություն է։ Այգու տնօրեն Արսեն Գասպարյանը հունիսից ազատվել էր աշխատանքից, նրան ժամանակավոր փոխարինել է Աննա Ղուկասյանը: Ժաննա Հովակիմյանը նշանակվել է այս տարվա հունվարին։

Դեռևս 2021 թվականին Կարեն Վարդանյանը 105 մլն դրամ էր նվիրաբերել Բուսաբանական այգուն, որով անցկացվել էր 5 կմ երկարությամբ ոռոգման ցանց, տեղադրվել էր պոմպակայան, խորքային հոր, 60 տոննա տարողությամբ բաք, 180 փական, կառուցվել էր ջրի ֆիլտրման ավազան։ Թե ինչու են այս պարագայում չորացել այգու կաղնիները, ըստ ամենայնի, պարզ կդառնա նաև հանձնաժողովի ուսումնասիրությունների ավարտին: