
Դատախազությունը 4.3 մլրդ դրամի պահանջ է ներկայացրել երկու գեներալների դեմ
Հայաստանի գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել՝ պահանջելով մոտ 4.3 մլրդ դրամ բռնագանձել Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանից և Հրթիռային զորքերի ու հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանից։
Ըստ իրավապահների՝ նրանք պաշտոնավարման տարիներին թույլ են տվել անփութություն, ինչի հետևանքով 2016-ին Հայաստան է մատակարարվել անպիտան ռազմական տեխնիկա։ Խոսքը վերաբերում է «Աիստյոնոկ» տեսակի 15 ռադիոլոկացիոն կայաններին, որոնք ձեռք են բերվել Պաշտպանության նախարարության և ռուսական «Ռոսօբորոն էքսպորտ» ընկերության միջև կնքված պայմանագրով։ Պայմանագիրը Հայաստանի անունից ստորագրել է Մովսես Հակոբյանը, որը զբաղեցնում էր պաշտպանության փոխնախարարի և նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը։
Դատախազության պնդմամբ՝ ձեռք բերված կայաններն անարդյունավետ են ու մինչ օրս չեն կիրառվել։ Մեղադրանքը հերքում են թե՛ Հակոբյանը, թե՛ Հարությունյանը։
Հարությունյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է 2025-ի մարտի 25-ին՝ արդարացման հիմքով, սակայն դատախազությունը շարունակում է պահանջել գումարի բռնագանձում։ Մովսես Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 10 մլն դրամ գրավ և երկրից բացակայելու արգելք։