ՀայաստանՍոցիալական

Պռոշյանի և Քասախի բնակիչները փակել էին Երևան–Աշտարակ ավտոճանապարհը

Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները ապրիլի 5-ին փակել էին Երևան–Աշտարակ ավտոճանապարհը՝ բողոքելով Պռոշյան–Երևան երթուղու փոփոխության դեմ։

Բնակիչները պահանջում են, որ Երևանի հետ կապը շարունակի իրականացվել ինչպես նախկինում՝ «Երևան Տրանսպորտ» ընկերությանը պատկանող թիվ 25 միկրոավտոբուսով, որի ուղեգիծը անցնում էր Պռոշյան, Ավան և Զեյթուն վարչական շրջաններով։ Նրանք դեմ են նոր որոշմանը, ըստ որի՝ երթուղին պետք է իրականացվի «ՄուլտիՏրանսպորտ» ընկերությանը պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով, որի տոմսի արժեքը 200 դրամ է։

Բնակիչները շեշտում են, որ Պռոշյանը և Քասախը սերտորեն կապված են Երևանին և մի շարք քաղաքացիներ սովորում և աշխատում են այնտեղ։

Նրանք վստահեցրել են, որ անգամ ոտքով կգնան Երևան, բայց չեն օգտվի նոր երթուղուց։

Բողոքի գործողության ընթացքում բնակիչներին հայտնել են, որ մինչև երկուշաբթի՝ ապրիլի 7-ը, նախկին՝ թիվ 25 երթուղին կշարունակի գործել։ Նույն օրը կառավարության շենքում նախատեսվում է 20 հոգուց բաղկացած խումբ ընդունել և քննարկել հարցի լուծման հնարավոր տարբերակները։

Ճանապարհը բացվել է պայմանով, որ իշխանությունները կանդրադառնան խնդրին և կփորձեն գտնել բնակիչներին բավարարող լուծում։