
ՆԳՆ-ն պարզաբանել է, թե ինչու է Արցախից տեղահանվածների ծննդավայրը անձնագրերում նշվում որպես Ադրբեջան
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է իրավական և տեխնիկական հիմնավորումներ՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Հայաստանի քաղաքացիություն ստացած Լեռնային Ղարաբաղի բնակիչների անձնագրերում ծննդավայրը նշվում որպես Ադրբեջան։
Նախարարությունից հաղորդում են, որ անձնագրային տվյալների ձևավորման գործընթացը կարգավորվում է միջազգային նորմերով։ Այսինքն, կան հատուկ կանոններ, որոնք ամբողջ աշխարհում են օգտագործվում, օրինակ, ինչպես գրել մարդու ծննդավայրը։ Այդ կանոններով է, որ ծննդավայրը գրում են որպես «Ադրբեջան», որովհետև այդ տարածքը միջազգային քարտեզներում այդպես է նշվում։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ որևէ այլ՝ միջազգային մակարդակով չընդունված նշում կարող է խնդիրներ առաջացնել սահմանային անցման կետերում։ Նման դեպքեր, ըստ նախարարության, բազմիցս արձանագրվել են՝ տարբեր երկրների սահմանային վերահսկող մարմինների կողմից։
Նշվում է, որ գործնականում առաջացած խնդիրները հաճախ լուծվում են գործընկերային համագործակցության միջոցով, սակայն նոր փաստաթղթեր տրամադրելիս գերատեսչությունը խստորեն հետևում է միջազգային պահանջներին։