ՀայաստանՍոցիալական

Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա են իրականացրել․ պահանջում են չեղարկել տրանսպորտի համար չվճարելու տուգանքը

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները բողոքի ակցիա են իրականացրել Ազգային ժողովի շենքի մոտ՝ պահանջելով չեղարկել տրանսպորտի չվճարման դեպքում վարչական պատասխանատվություն սահմանող օրինագիծը։

ԱԺ լիագումար նիստում քննարկման ներկայացված նախագիծը նախատեսում է, որ ներհամայնքային փոխադրումների համար վճարները դիտարկվեն որպես տեղական վճար։ Բացի այդ, առաջարկվում է սահմանել տուգանքներ այն ուղևորների համար, ովքեր առանց վճարելու օգտվում են հասարակական տրանսպորտից։

Ըստ նախագծի՝ առանց վճարման տրանսպորտից օգտվելու դեպքում կկիրառվի 10․000 դրամ տուգանք, իսկ ուրիշի տրանսպորտային միջոցից օգտվելիս՝ 15․000 դրամ։ Վճարի վերահսկման համար նախատեսվում է կիրառել տեխնիկական միջոցներ՝ տեսանկարահանում, լուսանկարահանում, ձայնագրում։ Այդ տվյալները կարող են օգտագործվել ուղևորներին նույնականացնելու նպատակով։

Երևանի ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը հայտարարեց, որ այս օրինագծով քաղաքացիները դառնում են «տուգանքի նյութ»՝ հավելելով, որ պայքարում են հատկապես տրանսպորտի թանկացման դեմ բողոքող քաղաքացիներին տուգանելու նախաձեռնության դեմ։

Նախագծով սահմանվում է, որ ուղևորները տրանսպորտ մուտք գործելուց հետո պետք է վճարումն իրականացնեն մեկ րոպեի ընթացքում և ողջ ուղևորության ընթացքում պահպանեն վճարումն ապացուցող կրիչը։ Վճարի փաստը չներկայացնելու դեպքում պատասխանատվությունը կրում է ուղևորը, որը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության։

Բացի այդ, լիազորված անձինք իրավունք կունենան նույնականացման նպատակով օգտվել շարժական տեսաձայնագրման տեխնիկական միջոցներից և դիմապատկերի հիման վրա տեղեկություն ստանալ բնակչության պետական ռեգիստրից։ Նույնականացումից հրաժարվելու դեպքում նրանք կարող են դիմել ոստիկանություն։