ՄՍԾ աշխատակիցը կաշառքի դիմաց նպաստ է ձևակերպել քաղաքացիների համար. գործը դատարանում է
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձը մեղադրվում է կաշառք ստանալու և կեղծ փաստաթղթեր կազմելու մեջ։ Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան։
Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ պաշտոնյան 2022 թվականին Լոռու մարզի բնակչից ստացել է մեկ ամսվա նպաստի չափով կաշառք՝ չարձանագրելու նրա զբաղվածության և եկամուտների մասին տվյալները։ Մասնավորապես, նա չի նշել, որ քաղաքացին աշխատում է ՍՊԸ-ում և ունի խոշոր եղջերավոր անասուններ, և կազմել է կեղծ արձանագրություն։
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նույն պաշտոնատար անձը նմանատիպ կաշառք է ստացել մեկ այլ քաղաքացուց։ Արդյունքում՝ երկու շահառուները ապօրինի ստացել են ընդհանուր 786 հազար դրամի նպաստ։
Պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիք կատարելու և այլ հոդվածներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական գործով մեղադրանքներ են ներկայացվել նաև Լոռու մարզի երեք բնակիչների։
Նախաքննությունն ավարտվել է, և գործը փոխանցվել է դատարան։

