«Վեոլիա Ջուր»-ը կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել «Վեոլիա Ջուր» ընկերության նկատմամբ՝ Հրազդան գետի հնարավոր աղտոտման դեպքի առթիվ։

Տեսչական մարմնից հայտնում են, որ վարույթը հարուցվել է լրատվամիջոցներից մեկում մարտի 14-ին հրապարակված տեսանյութի հիման վրա, որտեղ երևում է, որ «Արգել ՀԷԿ»-ի հարակից տարածքում կոյուղատարից կեղտաջրերը լցվում են Հրազդան գետ։

Պարզվել է, որ մարտի 12-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Արգել գյուղի 12-ից 15-րդ փողոցների հատվածում իրականացվել են կոյուղու խցանման վերացման աշխատանքներ։ Այդ ընթացքում «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները բացել են Հրազդան գետի վրայով անցնող կոյուղատարի ջրթող փականը, ինչի հետևանքով կոյուղաջրերը լցվել են գետը։

Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո՝ մարտի 14-ին ժամը 18:00-ի սահմաններում, փականը փակվել է, և կոյուղաջրերի արտահոսքը դեպի Հրազդան գետ դադարեցվել է։

Տեսչական մարմինը նշում է, որ նշված գործողությունը իրականացվել է առանց լիազոր մարմնի կողմից տրամադրված ջրօգտագործման թույլտվության, ինչն առաջացնում է վարչական պատասխանատվություն։

Ներկայում վարչական վարույթը շարունակվում է։

Մարինա Գրիգորյան