
Ատելության խոսքը տեղեկատվական տիրույթում․ ի՞նչ կարգավորումներ կան
Ապրիլի 21-ին Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվեց մամուլի ազատութան և ատելության խոսքի տարածման խնդիրը հայաստանյան լրատվամիջոցներում։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշեց, որ բոլորը փաստում են ապատեղեկատվության, ատելության խոսքի առկայության մասին, սակայն որևէ բան չեն անում դա կարգավորելու համար: Հանձնաժողովի բոլոր կոչերը լռության են մատնվում։
Այսօր, երբ կա համացանցը, խոսքի ազատության սահմանափակման մասին խոսելը մեղք է, ինֆորմացիան ազատ է ամեն տեղ, և նույն ազատությունը եղել է 1990- ականներին, որի ժամանակ եղել է 47 ընդդիմադիր թերթ, սա նորմ է, սակայն պետք է ոչ թե վախենալ ընդդիմադիր մամուլից, այլ այն թշնամանքից և ապատեղեկատվությունից, որոնք որևէ կերպ չեն կարգավորվում,- նշեց նախագահը։
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում ատելության խոսքի առավել ծանր դրսևորումները՝ բռնության հրապարակային կոչերն ու դրանց արդարացումը, քրեականացվել են։ 2020 թվականին ընդունված լրացմամբ՝ ավելացվել է 226.2-րդ հոդվածը՝ «Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը», որը նախատեսում է քրեական պատասխանատվություն նման արարքների համար։
Ատելության խոսքի ոչ ծանր դրսևորումները, ինչպիսիք շրջանառվում են տեղեկատվական դաշտում, թեև չեն ենթադրում քրեական պատասխանատվություն, կարող են մարդու իրավունքների խախտում համարվել և պահանջում են պետության կողմից համապատասխան գնահատական՝ կանխելու համար անհանդուրժողականության առավել վտանգավոր դրսևորումները։
Թեպետ Հայաստանի քաղաքացիական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսվում վիրավորանքի և զրպարտության համար, այնուամենայնիվ առկա կարգավորումներն ամբողջապես չեն կանոնակարգում հայաստանյան մեդիատիրությում առկա իրավիճակը։