
Երբ հայտնի կլինի հաջորդ Հռոմի պապի անունը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունը, ըստ կաթոլիկ եկեղեցու ավանդույթի, կկայանա նրա մահից ինը օր անց։ Այդ օրերին տարբեր եկեղեցիներում կկատարվեն հոգեհանգստյան պատարագներ։
Արարողությունը կլինի համեմատաբար ավելի համեստ։ Արդեն նախորդ տարվա ապրիլին Ֆրանցիսկոսը նախաձեռնել էր մի շարք փոփոխություններ՝ նպատակ ունենալով պարզեցնել Վատիկանի շքեղ ծեսերը։
Նախկինում պապերը թաղվել էին կիպարիսի, կապարի և կաղնու փայտից պատրաստված դագաղներում։ Ֆրանցիսկոսը, սակայն, նախընտրել է ցինկապատ պարզ փայտե դագաղ։ Նա նաև հրաժարվել է դագաղի մեջ մետաղադրամներ ու իր պապական գործունեության նկարագիրը տեղադրելու ավանդույթից։ Ավելին՝ այս անգամ մահացած պապի մարմինը չի ցուցադրվի հարթակի վրա, ինչպես նախկինում էր Սուրբ Պետրոսի տաճարում։ Փոխարենը, մարդիկ հնարավորություն կունենան հրաժեշտ տալու նրան՝ երբ դագաղը բաց կլինի։
Մեկ այլ կարևոր փոփոխությամբ Ֆրանցիսկոսը կդառնա վերջին 100 տարում առաջին Հռոմի պապը, որը չի թաղվի Վատիկանում։ Նա կթաղվիՍանտա Մարիա Մաջորե տաճարում, որը Հռոմի չորս խոշոր պապական տաճարներից մեկն է։
Ինչ վերաբերում է նոր պապի ընտրությանը, ապա այս գործընթացը կհամակարգի Կարդինալների կոլեգիան։ Ընտրությունը՝ կոնկլավը, տեղի կունենա Վատիկանում՝ Սիքստինյան կապելլայում։ Ներկայումս քվեարկելու իրավունք ունեն 183 կարդինալներ՝ 80 տարին չլրացած կաթոլիկ բարձրագույն հոգևորականներ։
Ընտրությունները անցկացվում են փակ դռների հետևում։ Յուրաքանչյուր քվեարկությունից հետո Սիքստինյան կապելլայի ծխնելույզից բարձրանում է ծուխ։ Սև ծուխը նշանակում է՝ պապ չի ընտրվել, իսկ սպիտակը՝ նոր պապ կա։ Քվեարկությունից հետո մոտ մեկ ժամվա ընթացքում նոր Հռոմի պապը ներկայանում է Սուրբ Պետրոսի հրապարակին նայող պատշգամբից։
Թեև տեսականորեն ցանկացած մկրտված կաթոլիկ տղամարդ կարող է դառնալ պապ, իրականում կարդինալները, որպես կանոն, ընտրում են իրենց շարքերից մեկին։ Մինչ այսօր ընտրված 266 պապերից 217-ը եղել են իտալացիներ։ 2013-ին ընտրված Ֆրանցիսկոսը դարձավ պատմության մեջ առաջին Հռոմի պապը Հարավային Ամերիկայից։