
Պռոշյանում և Քասախում կրկին բնակիչները բողոքի ցույց են իրականացնում
Պռոշյանի և Քասախի բնակիչները կրկին փողոց են դուրս եկել՝ պահանջելով, որ Երևան տանող 25 և 59 համարի ավտոբուսները շարունակեն սպասարկել նաև իրենց համայնքները։ Տարածքում այս պահին ոստիկանական ուժեր են կենտրոնացված։
Բողոքի ակցիայի մասնակիցները ընդգծում են, որ տրանսպորտի սահմանափակումը բարդացնում է հատկապես ուսանողների և աշխատող քաղաքացիների տեղափոխությունը։ Նրանց խոսքով՝ նոր որոշումը խոչընդոտում է տասնյակ ընտանիքների առօրյան։
Բնակիչները պահանջում են հանդիպում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ։ Նրանք նախազգուշացնում են, որ եթե մարզպետը չհանդիպի իրենց, պատրաստ են կրկին փակել Երևան–Աշտարակ մայրուղին։
Ապրիլի 5-ին արդեն մեկ անգամ փակել էին նույն մայրուղին՝ պահանջելով չեղարկել Պռոշյան–Երևան ուղղության սպասարկման նոր կարգը։ Ըստ այդ որոշման՝ այսուհետ ուղևորափոխադրումը պետք է իրականացնի «ՄուլտիՏրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսը, որի ուղեվարձը 200 դրամ է։ Մինչ այդ, երթուղին սպասարկում էր «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող թիվ 25 ավտոբուսը՝ Պռոշյան–Ավան–Զեյթուն երթուղով։
Ապրիլի 9-ին բնակիչները հանդիպել էին կառավարության ներկայացուցիչների հետ։ Նրանց տեղեկացրել էին, որ երթուղիները շուտով կհանվեն։ Ապրիլի 10-ին բնակիչները կրկին փակել էին մայրուղին՝ շեշտելով, որ պայքարը շարունակելու են, քանի դեռ իրենց պահանջները չեն բավարարվել։