
Հայոց ցեղասպանության հերքումը կարող է դառնալ քրեականացված
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարում է՝ խմբակցությունը շրջանառության մեջ է դնում օրինագիծ, որը կքրեականացնի Հայոց ցեղասպանության հերքումը։ Պատգմավորի գնահատմամբ՝ նախաձեռնությունը ուղղված է Թուրքիայից եկող ժխտողական ճնշմանը և ներկա իշխանությունների «համակերպված» վարքագծին։
Սաղաթելյանը նշում է երկու ճանապարհ. իշխանությունը կամ կողմ է քվեարկում կամ մերժում է՝ «պաշտոնապես որդեգրելով ժխտողական քաղաքականություն»։
Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հակադարձում է, որ նման օրինագիծ արդեն ամրագրված է Քրեական օրենսգրքով (Հոդված 136)․ ցեղասպանության կամ մարդկության դեմ հանցագործության հերքումը, արդարացումը կամ քարոզը պատժելի է։ Թորոսյանի ձևակերպմամբ՝ ընդդիմադիրները փորձում են մանիպուլյացիա անել՝ հետագայում մեղադրանքի հիմք պատրաստելով իշխանության հասցեին։
Հիշեցնենք, որ թուրք լրագրողներին մարտի 12-ին տված հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ հայոց ցեղասպանության թեմային։ Վարչապետը նշեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այսօր չի գտնվում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում։