
Հայաստանում բնակվող օտարերկրացիները նոր արտոնություններ կստանան
Հայաստանում օրինական բնակվող օտարերկրացիները շուտով կկարողանան օգտվել պետական թվային ծառայություններից՝ ինչպես ՀՀ քաղաքացիները։ Կառավարությունը փոփոխություն է նախաձեռնել, որի արդյունքում Mobile ID համակարգն ավելի հասանելի կդառնա՝ ներառելով նաև օտարերկրացիներին և Հայաստանի քաղաքացիություն չունեցող անձանց։
Մինչ այժմ այս ծառայությունից օգտվելու իրավունք ունեին միայն նրանք, ովքեր ուներ հայկական նույնականացման քարտ։ Բայց հիմա, երբ պետական ծառայությունների մեծ մասը տեղափոխվել է առցանց հարթակ, անհրաժեշտ է դարձել դրանք հասանելի դարձնել նաև օտարերկրացիների համար։ Ներկայիս օրենսդրական կարգավորումների համաձայն՝ օտարեկրացին կարող է կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնել և կացության քարտը ստանալ ինչպես անձամբ, այնպես էլ լիազորված անձի միջոցով։ Լիազորված անձի միջոցով նաև Հայաստանում օրինական գտնվող և բնակվող օտարերկրացին իրավունք ունի ստանալ հանրային ծառայությունների համարանիշ։
Նոր նախագծով, օտարերկրացիները, ովքեր Հայաստանում ունեն օրինական կացության կարգավիճակ (կացության քարտ կամ համապատասխան տեղեկանք), կկարողանան ստանալ Mobile ID՝ այցելելով Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։ Այդ քայլից հետո նրանք կկարողանան նույնականացվել և ստանալ թվային ստորագրություն՝ ինչպես ՀՀ քաղաքացիները։
Այս փոփոխությունը կարևոր է նաև նրանով, որ թույլ կտա օտարերկրացիներին ազատորեն օգտվել պետական էլեկտրոնային հարթակներից՝ առանց որևէ դժվարության։
Հիշեցնենք, որ Mobile ID-ն հնարավորություն է տալիս ավելի անվտանգ մուտք գործել համակարգ՝ անցնել նույնականացում (իդենտիֆիկացիա) և առցանց ստորագրել էլեկտրոնային փաստաթղթեր միայն բջջային հեռախոսի միջոցով՝ առանց գործածելու հատուկ սարքավորումներ և նույնականացման քարտ։