
Լիբանանի հայ համայնքը ոգեկոչել է ցեղասպանության զոհերի հիշատակը Բեյրութում
Լիբանանի հայկական երեք կուսակցությունները ապրիլի 24-ին հիշատակի միջոցառում են կազմակերպել Բեյրութի Նահատակաց հրապարակում՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է լիբանանյան An Nahar պարբերականը:
Միջոցառման ընթացքում հնչել է նաև Լիբանանի հայ համայնքի համատեղ հայտարարությունը, որտեղ մասնավորապես նշվում է, որ այսօր՝ ցեղասպանությունը վերապրածների սերունդները, կրկին հարգանքի տուրք են մատուցում նահատակների հիշատակին և դատապարտում Օսմանյան կայսրության կողմից իրականացված պատմական հանցագործությունը։
Հայտարարության մեջ ընդգծվում է՝ Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտումը և դրա նկատմամբ անպատժելիությունը հող են նախապատրաստել հետագա բռնությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։ Հայտարարության հեղինակները հիշեցրել են, որ դրանց շարունակությունն է Արցախի հայ բնակչության բռնի տեղահանությունը՝ ադրբեջանական իշխանությունների կողմից։
Մենք հավատարիմ ենք մնում ճշմարտության և արդարության համար մեր պայքարին։ Մեր նպատակը մնում է նույնը՝ կանխել նմանատիպ ողբերգությունների կրկնությունը՝ անկախ ժամանակից ու աշխարհագրությունից, – նշված է հայտարարության եզրափակիչ հատվածում։