
Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ երկու առանձին վարույթ է քննվում
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ ապօրինի գույքի բռնագանձման հայցը ներկայացվել է դատարան դեռևս 2024 թվականի օգոստոսին։ Սրա մասին հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Վարդապետյանի խոսքով՝ Ղուկասյանի դեմ ներկայումս քննվում են երկու առանձին վարույթ։ Նա արձագանքում էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի դիտարկմանը, թե իրավական գործընթացները հաճախ կապվում են նրա՝ քաղաքապետ ընտրվելու փաստի հետ։
Միաժամանակ հիշեցվեց, որ ապրիլի 1-ին քրեական վարույթ է հարուցվել Ղուկասյանին վերագրվող ձայնագրության հիման վրա։ ՏԻՄ ընտրություններից հետո համացանցում տարածված ձայնագրությունում, ըստ հրապարակված բովանդակության, Ղուկասյանը սպառնում էր և պահանջում մարդկանց ներկայանալ՝ նշելով, որ նրանք կարող են խնդիրների բախվել։
Նշենք նաև, որ քրեական հետապնդում է սկսվել Գյումրի համայնքի նախկին ղեկավար Սամվել Բալասանյանի նկատմամբ։ Գյումրի համայնքի նախկին ղեկավար Սամվել Բալասանյանը, ձեռք բերելով պետական սեփականություն հանդիսացող «Սև Բերդ» ամրոցի շենքը և 0.79 հա հողատարածքը, նպատակադրվել է դրանք դարձնել իր ընտանիքի սեփականությունը։ Նախկին ղեկավարը տարբեր սխեմաներով յուրացրել է մոտ 20 հա հողատարածք՝ այն տարանջատելով 2 մասի, վերագրանցելով տարբեր իրավաբանական հասցեներով և ձևական աճուրդներով օտարելով իրեն և իր հարազատներին։