
Հայաստանում ամենատարածվածը մեքենաների և առողջապահության ապահովագրություններն են
Կենտրոնական բանկը հրապարակել է նախորդ տարվա ապահովագրական գործունեության տվյալները: 2024 թվականին կնքվել է ավելի քան 920 հազարից ավելի պայմանագիր՝ 42 միլիարդ 811 միլիոն դրամ ընդհանուր արժեքով։ Ըստ մեծության՝ ամենատարածված ապահովագրական տեսակներն են մեքենաների ԱՊՊԱ-ները, առողջության նաև գույքի ապահովագրությունը։
Ավտոապահովագրողների բյուրոյի տվյալներով՝ 2024-ի վերջի դրությամբ ապահովագրված մեքենաների թիվը հասնում է 675 հազարի։ Ընդհանուր կնքվել է 1․3 միլիոնից ավելի պայմանագրեր։ Այս մեքենաների համար հավաքված ապահովագրավճարը մոտ 29,7 միլիարդ դրամի սահմաններում։ Պարտադիր ապահովագրության գների ազատականացումից հետո արձանագրվել է թե ապահովագրավճարի, թե հատուցումների աճ։
Եթե մեքենաների ԱՊՊԱ-ի տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ մեծ է, քանի որ պարտադիր է, ապա առողջության ապահովագրությունն այս պահին մեր երկրում կամավոր է, բայց վերջին 3 տարվա ընթացքում կայուն աճ է գրանցում։ Այն զբաղեցնում է ապահովագրական ընկերությունների 30 %–ը։ Բացի դրանից առողջության ապահովության գծով հատուցումների աճի տեմպ է դիտվում։ Ավելի քան 37 %–ը ապահովագրական ընկերությունների կողմից տրամադրվելիք հատուցումների առողջության ապահովագրության գծով են։ Այս 2 ուղղությունները միասին զբաղեցնում են ապահովագրության ընդհանուր շուկայի շուրջ 80 %–ը։
Առողջապահության պայմանագրերի 95 %–ը իրավաբանական անձինք են կնքել աշխատակիցների համար, ինչը նշանակում է, որ ֆիզիկական անձանց շրջանում ապահովագրական այս ձևը այնքան էլ գրավիչ ու տարածված չէ։