
Կառավարությունը երկարաձգում է ԼՂ-ից տեղահանվածների սոցիալական աջակցության ծրագիրը
ՀՀ կառավարությունը որոշել է երկու ամսով երկարաձգել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագիրը։ Ապրիլի 30-ին կայացած նիստում փոփոխություններ կատարվեցին 2024 թվականի նոյեմբերի և 2025 թվականի ապրիլի որոշումներին, որոնցով տեղահանվածներին տրամադրվող աջակցությունը կշարունակվի մինչև հուլիսի վերջ։
Ըստ նոր որոշման՝ 2025 թվականի ապրիլի 1-ից սկսած, սոցիալական աջակցության իրավունքը տրվել էր այն տեղահանվածներին, որոնք ունեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն, ծանր ֆունկցիոնալ սահմանափակում, 63 և բարձր տարիք, կորցրել են կերակրողին կամ սովորում են հանրակրթական և մասնագիտական հաստատություններում, ինչպես նաև մինչև 18 տարեկան երեխաներին։
Ներկայում, հաշվի առնելով ծրագրերի բարեփոխման անհրաժեշտությունը և դրանց արդյունավետության բարձրացման նպատակները, որոշվել է աջակցությունը երկու ամսով տրամադրել նաև թիրախ խմբերից դուրս բոլոր մյուս բռնի տեղահանվածներին։ Միաժամանակ, երկու ամսով հետաձգվում է կարիքավորության հիմքով լրացուցիչ սոցիալական աջակցության տրամադրման ծրագրի գործողությունը։
Հիշեցնենք, որ կառավարությունը նախկինում որոշել էր 2025 թվականի ապրիլ-հունիս ամիսներին աջակցության չափի և կազմի մեջ փոփոխություններ անել։ Հուլիս-դեկտեմբեր ամիսը ներառյալ աջակցությունը պետք է շարունակվեր 30,000 դրամի չափով՝ վերևում նշված շահառուների խմբերի համար