ՀայաստանՍոցիալական

Փարաքար համայնքի Շադրլու ջրանցքը լցված է աղբով

Փարաքար համայնքի տարածքում գտնվող Շադրլու ջրանցքի շրջակայքում ապրող մարդիկ երկար տարիներ է, ինչ բախվում են ջրանցքի աղտոտման խնդրին։ Հարևանությամբ կառուցված տներից որոշները միացված չեն կոյուղու գլոբալ ցանցին և կոյուղաջրերը թափվում են ջրանցքի մեջ։ Համայնքապետարանից նշեցին, որ Փարաքար, Թաիրով գյուղերը 80 տոկոսով միացած են գլոբալ կոյուղու ցանցին։ Մյուս մասը միացված չէ կոյուղացանցին՝ պայմանավորված տեղանքի դիրքով։ Նման իրավիճակում բնակիչները կա՛մ կոյուղաջրերը թափում են ջրանցքի մեջ, կա՛մ էլ փոսեր են փորում իրենց տների մոտ և այդտեղ հավաքում կոյուղաջրերը։ Արդյունքում՝ բախվում ենք ոչ միայն ջրի, այլև հողի աղտոտման։

Ջրանցքի աղտոտմանն է գումարվում նաև մշտական կենցաղային աղբի կուտակումը։ Արդյունքում՝ Փարաքար, Թաիրով բնակավայրերի մի հատվածի այգիների ոռոգման համար նախատեսված ջուրը դառնում է անպիտան։ Մշտադիտարկումներ չեն արվում։ Ջրանցքը մաքրվում է տարեկան երկու անգամ՝ գարնանը և ձմռանը։ Ընդ որում՝ համայնքապետարանից նշեցին, որ ջրանցքը վերջին անգամ մասնակի մաքրվել է այս տարի գարնանը, իսկ ջրօգտագործման ընկերությունից պնդեցին, որ համայնքապետարանի հետ ամբողջական է մաքրվել այն։

Բնակիչները նշեցին, որ ամեն տարի իրենք նույն խնդրին բախվում են ու մինչև այժմ ոչինչ չի փոխվել։ Ջրի աղտոտվածության համար այգիներ էլ համարյա չեն մշակում։

Այդ ամենին գումարվում է նաև աղբամանների սակավությունը տարածքում։ Դրանք հիմնականում տեղադրված են գլխավոր ճանապարհների՝ Երևանյան փողոցի վրա։ Բնակիչներից շատերը իրենց դռների դիմաց են աղբամաններ տեղադրել։ Շաբաթվա ընթացքում հավաքված աղբը հատուկ մեքենաներն են հավաքում։ Այն հատվածը, որտեղ աղբահավաք մեքենաները չեն հասնում, բնակիչներն իրենց միջոցներով են աղբահանություն իրականացնում։

Ջրանցքը վերահսկվում է Էջմիածնի ջրօգտագործման ընկերության կողմից։ Գլխավոր ինժեներ Կարապետ Տեր-Խաչատրյանը հաստատեց, որ ջրանցքի ջուրը պիտանի չէ ոռոգման համար։

2014 թվականին Փարաքարում շահագործման է հանձնվել Բիո լճակը՝ որպես կոյուղաջրերի մաքրման կայան։ Սակայն 2017 թվականին այն օտարվել է կառավարության կողմից և այժմ չի գործում։