
Հայաստանի կառավարությանը դատի են տվել՝ պահանջելով չեղարկել Ամուլսարի հանքի ֆինանսավորումը
Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարն այս անգամ ևս տեղափոխվել է դատարան։ 2025 թվականի ապրիլի 28-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Կանաչ Հայաստան» և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև մի խումբ քաղաքացիներ դիմել են Վարչական դատարան՝ վիճարկելով ՀՀ կառավարության՝ «Լիդիան Արմենիա» ընկերությանը մինչև 150 միլիոն դոլարի բյուջետային երաշխիք տրամադրելու որոշումը։
Հայցվորների համոզմամբ՝ այս որոշումը ոչ միայն իրավական խախտումներով է ընդունվել, այլ նաև լուրջ ռիսկեր է ստեղծում պետության համար։ Ըստ նրանց՝ կառավարության որոշման հիմքում օգտագործված ֆինանսական տվյալները հնացած են, բացակայում է անհրաժեշտ գնահատականը ընկերության ակտիվների մասին, ինչպես նաև պարտադիր եզրակացությունը Ֆինանսների նախարարությունից։ Բացի այդ, բյուջետային երաշխիքի փոխհատուցման մեխանիզմը՝ հաջորդական գրավը, ըստ հայցվորների, չի ապահովում պետական փողերի վերադարձը։
Բայց խնդիրը միայն իրավական չէ։ Հայցը հիմնված է նաև բնապահպանական մտահոգությունների վրա։ Ակնկալվող հանքի շահագործումն, ըստ անկախ մասնագետների, լուրջ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի, հատկապես ջրային ռեսուրսների համար։ Մտահոգիչ է նաև, որ դեռևս հստակ չեն գնահատվել ծանր մետաղների, նատրիումի ցիանիդի և թթվային դրենաժի հնարավոր ազդեցությունները։
Հայցվորները վստահ են՝ որոշումն ընդունվել է առանց պատշաճ հիմնավորումների և խախտում է ինչպես քաղաքացիների՝ առողջ միջավայրում ապրելու իրավունքը, այնպես էլ ՀԿ-ների՝ բնապահպանական շահերը պաշտպանելու իրավունքը։