Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել

Դատարանը որոշում է կայացրել կալանավորել ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, և հայտարարվել է հետախուզում։ Այդ մասին տեղեկացրել է Դատախազությունը։

Ըստ քրեական վարույթի նյութերի՝ Ալեքսանդր Սարգսյանը, լինելով 2000–2007 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի եղբայրը, 2001–2018 թվականներին իր ազդեցությունն օգտագործել է և դրդել այդ ժամանակահատվածում պաշտոնավարած ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության վարչության պետերին վատնման եղանակով հափշտակել իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական միջոցները։

Դատարանում միջնորդության քննարկման ժամանակ նշվել է, որ մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չէ։

«Նույն օրը դատարանը, մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պայմաններում քննարկելով միջնորդությունը և փախուստի ռիսկը բարձր գնահատելով, բավարարել է այն և կիրառել կալանքը»,– հայտնել են դատարանից։

Նշվում է, որ Ալեքսանդր Սարգսյանին հայտնաբերելու և Հայաստանի իրավասության ներքո գտնվելու դեպքում նրա կալանքի հարցը կրկին կքննարկվի դատարանում։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանը ներգրավված է նաև այլ գործով։ 2024 թվականին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարան էր ներկայացրել պահանջ՝ Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 14 անշարժ գույք, 8 շարժական գույք, 5 իրավաբանական անձանցում մասնակցություն, ինչպես նաև 5 միլիարդ 92 միլիոն դրամ։

Ավելի վաղ՝ 2019 թվականին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ալեքսանդր Սարգսյանի բանկային հաշվիներից մեկում շուրջ 30 միլիոն դոլար կա։ Դրանից հետո Սարգսյանը հայտարարել էր, որ Արցախի բանակին նվիրաբերում է 20,5 միլիոն դոլար, ինչպես նաև պետբյուջե է վերադարձրել շուրջ 7 միլիոն դոլար՝ որպես չվճարված հարկային պարտավորություն։

2018 թվականի հուլիսի 4-ին Ազգային անվտանգության ծառայությունը շուրջ 9 ժամ խուզարկություն էր իրականացրել Երևանի Թումանյան 11 հասցեում գտնվող Սարգսյանների բնակարանում, որից հետո Ալեքսանդր Սարգսյանը բերման էր ենթարկվել ԱԱԾ։ Նա հարցաքննվել էր նաև որդու՝ Նարեկ Սարգսյանի դեմ առաջադրված մեղադրանքների շրջանակում՝ կապված նկարիչ Մարտիրոս Սարյանի 14 գծանկարների հափշտակության գործի հետ։

Հիշեցնենք նաև, որ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, հետագայում հայտնաբերվել էր Պրահայում՝ Գվատեմալայի անձնագրով և Ֆրանկլին Գոնսալես կեղծանվամբ։ Նա մեղադրվում էր քաղաքացու առևանգման, ինչպես նաև զենքի և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ, ընդունել էր առաջադրված մեղադրանքը և դատապարտվել 5,5 տարվա ազատազրկման։

Մյուս որդուն՝ Հայկ Սարգսյանին, ևս մեղադրանք էր առաջադրվել. նա մեղադրվում էր ապօրինի զենք պահելու և սպանության փորձի մեջ։ Նա մեկ դրվագով արդարացվել է, իսկ մյուսով քրեական հետապնդումը դադարեցվել է։

Մարինա Գրիգորյան