
Քաղաքացիները շարունակում են պահանջել չեղարկել իրենց անունով խարդախությամբ վերցված վարկերը
Մայիսի 5-ին մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Հայաստանի կենտրոնական բանկի շենքի մոտ՝ պահանջելով չեղարկել իրենց անունով բացված վարկերը, որոնք, ինչպես իրենք են պնդում, ձևակերպվել են առանց իրենց իմացության՝ խարդախ սխեմաների միջոցով։
Բողոքի մասնակիցներից «Հանրային վերահսկողություն» հասարակական կազմակերպության ղեկավար Մհեր Ղարագյոզյանը հիշեցրեց, որ երկու ամիս առաջ նմանատիպ պահանջներով դիմել էին նաև Հայաստանի գլխավոր դատախազությանը։ Ներկայացված հարցը բարձրացվել էր խորհրդարանում, սակայն մինչ օրս որևէ լուծում չի տրվել։
Ակցիայի մասնակիցներից մի քանիսը պատմեցին, որ իրենց անունով ձևակերպված վարկերը հասել են մինչև 2-3 միլիոն դրամի։ Նրանք բանկերից մերժում են ստացել՝ վարկերի չեղարկման վերաբերյալ․ բանկերը պնդում են, որ գումարները տրամադրվել են և ենթակա են վերադարձման։ Ղարագյոզյանը և մյուս ցուցարարները ԿԲ-ից տեղափոխվել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ շարունակելով իրենց պայքարը իրավական և պետական այլ հարթակներում։
Ավելի վաղ Ազգային ժողովի ֆինանսավարկային հանձնաժողովի նիստում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ շատ քաղաքացիներ, հատկապես «Ռոքեթ լայն» վարկային ծառայության միջոցով, դարձել են խարդախության զոհ՝ պարզելով, որ իրենց անունով վարկեր են ձևակերպվել։ Իսկ Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապրիլի 25-ին Ազգային ժողովում նշել էր, որ շատ մարդիկ ֆիզիկապես դիմում են վարկ ստանալու, բանկը մերժում է, սակայն օնլայն դիմելիս նրանց տրամադրում է վարկ։ Ըստ Վարդապետյանի՝ կան բանկեր, որոնք ունեն ուժեղ անվտանգության համակարգեր և կան բանկեր, որոնք չունեն։