Վերին Լարսի շրջանցիկ ճանապարհը պատրաստ կլինի տարեվերջին. հայկական բեռներն անխափան մուտք կգործեն Ռուսաստան
Հայաստանի արտահանումների ու բեռնափոխադրումների համար կենսական նշանակություն ունեցող Վերին Լարսի անցակետի ձյունահյուսավտանգ հատվածը շրջանցող նոր ավտոճանապարհը կբացվի 2024 թվականի վերջին կամ 2025 թվականին։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
Լարսի խնդիրն ամենաշատը հարվածում է Հայաստանին։ Տարվա ընթացքում այդ անցակետը մինչև երկու ամիս փակ է լինում, ինչն ուղղակիորեն խանգարում է մեր բեռների անխափան տեղաշարժին։ Նոր ճանապարհի բացմամբ Հայաստանը կարող է վստահ լինել, որ Լարսը կգործի տարվա բոլոր օրերին՝ առանց եղանակային սահմանափակումների, — ընդգծեց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ ճանապարհի կառուցման ժամկետները հետաձգվել են համաշխարհային լոգիստիկ խնդիրների պատճառով, սակայն շինարարությունը մոտենում է ավարտին։
Հիշեցնենք, որ վրացական կողմը կառուցում է Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս մայրուղու ամենաբարդ՝ Գուդաուրի–Կոբի հատվածի նոր 23 կմ երկարությամբ ուղին, որը ներառում է 5 կամուրջ և 5 թունել, այդ թվում՝ 9 կմ երկարությամբ գլխավոր թունել։ Աշխատանքների ավարտից հետո Թբիլիսիից մինչև Ստեփանծմինդա ճանապարհը կկրճատվի մինչև 1 ժամ 45 րոպե՝ ներկայիս 2 ժամ 30 րոպեի փոխարեն՝ ապահովելով երթևեկության անխափանությունը տարվա բոլոր եղանակներին։
