ՀայաստանՍոցիալական

Ավտոմեքենայի համարանիշները կուղարկվեն փոստով․ կառավարությունը ծրագիր է մշակում

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի՝ տրանսպորտային միջոցների օտարման, հաշվառման և պետական գրանցման գործընթացները լիովին թվայնացվելու են։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնեց, որ թվային լուծումներն արդեն պատրաստ են, և առաջարկվում է կարգավորումը ուժի մեջ դնել 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։ Նշված կարգավորումների արդյունքում՝ անձն իր ցանկությամբ կարող է ամբողջովին ազատվել նաև Ներքին գործերի նախարարության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումներ այցելելու անհրաժեշտությունից։

Այս փոփոխությունները վերաբերում են նաև մեքենաների համարանիշների փոփոխությանը և հաշվառման վկայականներին։ Մինչ օրս այդ բոլոր գործողությունները պահանջում էին, որ մարդիկ անձամբ ներկայանան Ներքին գործերի նախարարության համապատասխան բաժիններ և անձամբ մասնակցեին բոլոր գործընթացներին։ Նոր համակարգը նախատեսում է այդ ամենը իրականացնել ինքնաշխատ թվային հարթակի միջոցով։ Ըստ այդմ՝ ավտոմեքենայի պետական համարանիշները կուղարկվեն փոստով։

Եթե նախկինում, օրինակ, ավտոմեքենայի առուվաճառք կամ նվիրատվություն կատարելու համար քաղաքացիներ ստիպված էին մի քանի անգամ այցելել գրանցման կենտրոններ՝ պայմանագրերը ստորագրելու ու տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու համար, օրենքի ընդունումից հետո կարող է այդ ամենը կազմակերպել էլեկտրոնային տարբերակով։ Հարթակը կկատարի բոլոր անհրաժեշտ ստուգումները, կգեներացնի էլեկտրոնային պայմանագիր, որը ապա կուղարկվի գնորդին։ Եթե գնորդը համաձայնում է պայմաններին, նա կստորագրի պայմանագիրը էլեկտրոնային ստորագրությամբ։ Սա հնարավոր կդառնա նաև ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին։