
Ի՞նչ կփոխի նոր որոշումը բեռնատարների և ավտոբուսների համար
3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների շահագործումը կարգելվի, եթե ձյան, բքի կամ մերկասառույցի պայմաններում որոշ լեռնային հատվածներում երթևեկեն առանց հակասահքային շղթաների։ Համապատասխան որոշումը ընդունվել է մայիսի 8-ի կառավարության նիստում։
Որպեսզի վարորդները ժամանակին տեղեկանան փոփոխությունների մասին, որոշման մեջ ավելացվել են նաև նոր ճանապարհային նշաններ՝ «Երթևեկությունը հակասահքային շղթաներով», «Հակասահքային շղթաներով երթևեկության վերջ» և «Մերկասառույց»։ Այդ նշանները կօգնեն վարորդներին տեղում հասկանալ՝ երբ է անհրաժեշտ տեղադրել շղթաները, և երբ կարելի է դրանք հեռացնել։ Առանց շղթաների երթևեկելը նշված պայմաններում կդառնա օրենքի խախտում։
Այս քայլը պայմանավորված է այն փաստով, որ ձմռան ամիսներին նման տրանսպորտային միջոցների խափանումներն ու արգելափակումները հաճախ դառնում են խցանումների ու վթարների պատճառ՝ հատկապես լեռնանցքներով անցնող ճանապարհներին։ Նոր կարգավորումների նպատակն է բարձրացնել երթևեկության անվտանգությունը և ապահովել տրանսպորտային միջոցների անխափան անցումը բարդ եղանակային պայմաններում։
Այս պահանջները բխում են Վիեննայի «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիայի չափանիշներին։ Նման փորձ արդեն ունեն Վրաստանն ու Ուկրաինան, և Հայաստանը ևս շարժվում է միջազգային փորձի ներդրման ուղով։