ՀայաստանՍոցիալական

Փոփոխություններ են առաջարկվում զինծառայողների և նրանց ընտանիքների պարգևավճարների գործընթացում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման փոփոխության նախագիծ: Դրա նպատակն է պարզեցնել զինծառայողների և նրանց ընտանիքների համար նախատեսված պարգևավճարների տրամադրման ընթացակարգը։

Նախագծով նախատեսվում է հստակեցնել մի շարք իրավական դրույթներ՝ լուծելու գործնականում առաջացած խնդիրները։ Մասնավորապես՝

— Պարտադիր զինծառայողը, ներառյալ ռազմաուսումնական հաստատության կուրսանտները, կճանաչվի ծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած անձ, եթե հաշմանդամ է դարձել ծառայության ընթացքում կամ դրա ավարտից հետո՝ ստացած վնասվածքի կամ հիվանդության հետևանքով։
— Քաղաքացիները, ովքեր ստանում են կենսաթոշակ կամ նպաստ (ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում), կկարողանան միաժամանակ ստանալ նաև մինչև 15,000 դրամ պարգևավճար՝ մարտական գործողություններին մասնակցության կամ պետական պարգևների հիմքով։
— Պարգևավճարը կսահմանվի այն օրվանից, երբ ներկայացվում է մասնակցությունը հաստատող փաստաթուղթը՝ եթե դիմումը ներկայացվում է մինչև երեք ամիս ժամկետում։
— Վճարման հիմք կդառնա մարտական գործողություններին մասնակցությունը հավաստող վկայականը կամ պաշտոնական այլ փաստաթուղթ։
— ԽՍՀՄ զինված ուժերում այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներին պարգևավճար կտրվի նաև այն դեպքում, եթե չեն ստանում պետական կենսաթոշակ կամ նպաստ՝ առանց մասնակցությունը հավաստող փաստաթուղթ ներկայացնելու։
— Զոհված կամ մահացած զինծառայողի ընտանիքի անդամները պարգևավճարը կստանան առանց մահվան փաստաթուղթ ներկայացնելու, եթե համապատասխան տվյալները առկա են պետական կենսաթոշակային համակարգում։

Նախագծով առաջարկվում են նաև խմբագրական ճշգրտումներ՝ կարգավորման կառուցվածքը պարզեցնելու նպատակով։