ՀայաստանՍոցիալական

Հայաստանում շուտով կգործարկվի գինու զբոսաշրջությանը նվիրված նոր հավելված

Հայաստանում շուտով գործարկվելու է գինու զբոսաշրջությանը նվիրված նոր հավելված, որը կգործի «ամեն ինչ ներառված է» սկզբունքով։ Այն մշակվում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից։

Հիմնադրամի նախագահ Զարուհի Մուրադյանի փոխանցմամբ՝ հավելվածը հնարավորություն կտա կապ հաստատել գինու գործարանների և մասնավոր մառանների հետ, ճշտել այցելության հնարավոր ժամկետները, ինչպես նաև ամրագրել էքսկուրսիաներ՝ և՛ ուղեցույցների մասնակցությամբ, և՛ առանց միջնորդների։ Հավելվածի կարևոր բաղադրիչներից է լինելու ինտերակտիվ քարտեզը, որտեղ նշվելու են ոչ միայն գործարաններն ու մառանները, այլ նաև գինեգործության պատմությանը վերաբերող նշանակալի վայրերը։ Նման օրինակներից են հնագույն քարանձավները, որտեղ հայտնաբերվել են գինու արտադրության վաղեմի հետքեր։

Ներկայում մշակվում է հավելվածի փորձնական տարբերակը, որը կներառի Արագածոտնի մարզը։ Ըստ հիմնադրամի՝ Աշտարակի տարածաշրջանն ընտրվել է որպես մեկնարկային կետ՝ գինեգործական ակտիվության բարձր կենտրոն լինելու պատճառով։ Նախագծի զարգացման շրջանակում հիմնադրամը համագործակցության շուրջ բանակցություններ է վարում Վրաստանի համապատասխան կազմակերպության հետ։ Քննարկվում է փոխադարձ տեղեկատվական ինտեգրման տարբերակը՝ ստեղծելու միասնական երթուղիներ Հայաստանի և Վրաստանի համար։ Այս քայլը կարող է բարձրացնել տարածաշրջանի գրավչությունը օտարերկրյա ճանապարհորդների համար։

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին մի խումբ արտահանողներ՝ հիմնականում գինի և կոնյակ արտադրողներ, բողոքի ակցիա էին կազմակերպել Վրաստանի դեսպանատան առջև՝ դժգոհելով, որ հայ արտադրողների բեռները անտեղի ձգձգվում են վրացական մաքսակետերում։

Դրանից հետո հայկական լրատվամիջոցները պարզաբանում էին պահանջել Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից։ Պատասխանում նշվել էր, որ գործընթացի կարգավորման շուրջ արդեն ընթանում են բանակցություններ վրացական կողմի հետ։ Նախարարության ղեկավարն էլ չէր բացառել հնարավոր աշխատանքային այցը Վրաստան՝ խնդիրը տեղում քննարկելու նպատակով։

Նշենք նաև, որ 2025 թվականի հունիսի 6-ից 8-ը Երևանի հենց սրտում՝ Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցներում, կանցկացվի «Երևանի գինու օրեր» փառատոնը։