ՀայաստանՍոցիալական

Տրանսպորտային միջոցներից կատարված գողությունները կդիտարկվեն որպես միջին ծանրության հանցանք

Առաջարկվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության միջին ծանրության հանցանք, ոչ թե՝ ոչ մեծ ծանրության հանցանք, ինչպես ներկայում։ Նախագիծը դրական եզրակացություն ստացավ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Օրինագիծը հանձնաժողովին ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ նշելով, որ նման գողությունները վերջին տարիներին աճել են ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Ըստ նրա՝ նման գողություններ կատարելն այժմ համեմատաբար հեշտ է, իսկ գործող օրենսդրական կարգավորումներով սահմանվող պատասխանատվությունը՝ մեղմ։

Ներկայում գործող կարգավորումներով հանցանքը պատժվում է առավելագույնը երկու տարվա ազատազրկմամբ, սակայն դատարանները, հանցանքի ոչ մեծ ծանրության լինելու հիմքով, հաճախ չեն կիրառում կալանք, ինչի հետևանքով մեղադրյալները շարունակում են գողություններ կատարել։ Նման դեպքերում նրանք պատժվում են նաև տուգանքով՝ առավելագույնը նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով (20 հազար դրամ), կամ հանրային աշխատանքներով՝ 80-150 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով

Նախագծով առաջարկվում է նման արարքները դիտարկել որպես գողության հանցակազմի 2-րդ մաս, որի դեպքում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք՝ սահմանելով պատժի խստացում՝

  • տուգանք՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով (20 հազարից մինչև 50 հազար դրամ)
  • հանրային աշխատանքներ՝ 150-ից 270 ժամ,
  • ազատության սահմանափակում՝ 1-ից 3 տարի,
  • կարճաժամկետ ազատազրկում՝ 1-ից 2 ամիս,
  • կամ ազատազրկում՝ 2-ից 5 տարի ժամկետով։

Մկրտչյանը շեշտեց՝ նոր կարգավորումները հնարավորություն կտան գործնականում ավելի հաճախ կիրառել կալանավորումը որպես խափանման միջոց՝ կանխելով հետագա հանցագործությունները։

Հանձնաժողովը նախագիծը առաջարկել է ընդգրկել ԱԺ առաջիկա լիագումար նիստերի օրակարգում։