
Կառավարությունը հաստատել է պարտադիր զինծառայության նոր կարգավորումների նախագիծը
Կառավարությունը հաստատել է օրենսդրական նախաձեռնություն, որի համաձայն պարտադիր զինծառայության նոր տարբերակներ կմտցվեն՝ կարճաժամկետ ծառայություն սահմանելով վճարի դիմաց։ Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ մեկ ամիս ծառայել՝ 24 միլիոն դրամ վճարելու դեպքում, կամ ծառայել չորս ամիս՝ 18 միլիոն դրամի դիմաց։
Բացի այդ, փոփոխությամբ պարտադիր զինվորական ծառայության առավելագույն տարիքային շեմը կբարձրանա՝ 27-ի փոխարեն սահմանվելով 32 տարեկան։ Այսինքն, օրենքի ընդունման դեպքում մինչև 32 տարեկան անձինք կկարողանան զորակոչվել։
Նախագիծը նաև վերաբերում է նրանց, ովքեր մինչև 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում ստացել են ՀՀ քաղաքացիություն, բայց նախկինում չեն ծառայել. նրանց համար սահմանվում է մեկ տարի պարտադիր ծառայություն՝ չծառայելու դեպքում՝ 2.5 միլիոն դրամի վճար։
Բացի այդ, մինչև 16 տարին լրանալը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դիմաց արական սեռի քաղաքացիներից կպահանջվի 15 միլիոն դրամի հանրային պարտավորություն, որը կզրոյացվի կամ կվճարվի՝ կախված զինվորական հաշվառման կարգավիճակից։
Նախագիծը առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովում։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ազգային ժողովում քննարկվել էր մեկ այլ օրենսդրական նախագիծ։
Ըստ առաջարկի՝ զինծառայողները կարող են 24 ամիս ծառայել բանակում և ստանալ բարձր դրամական ապահովություն պետության կողմից, ծառայել 6 ամիս և պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 20 միլիոն դրամ։