
Հայաստանում անձնագրերի գույնն ու դիզայնը կփոխվեն
Հայաստանում 2026 թվականի երկրորդ կիսամյակից կսկսվի նոր նմուշի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը։ Փաստաթղթերը կունենան նոր դիզայն, գույն և կպատասխանեն անվտանգության բարձր չափանիշներին։ Թե ինչ գույն կունենան նոր կենսաչափական անձնագրերը, դեռ հայտնի չէ: Սակայն, նախարարի խոսքով, կան գույներ, որոնք անվտանգային առումով նախընտրելի չեն, օրինակ՝ սևը:
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ նոր համակարգը ներդրվելու է պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափով։ Մասնավոր գործընկերն ունենալու է 23 տարածքային գրասենյակ՝ ներառյալ Երևանի առևտրային կենտրոններում գործող սպասարկման կետերը։
Նոր համակարգի շրջանակում քաղաքացիները միայն մեկ անգամ են այցելելու անձնագրային բաժին, քանի որ տվյալների մեծ մասը հավաքագրվելու է էլեկտրոնային եղանակով։ Երևանում սպասարկումը հասանելի կլինի մինչև 22:00-ն, իսկ մարզերում՝ 09:00-ից 18:00։ Նախատեսվում է նաև շրջիկ սպասարկում։