Հայաստանում յոթ քաղաքացի է ձերբակալվել՝ Իրանի դեսպանատան դիմաց կաարված ցույցից հետո
Երևանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց անցկացվող հավաքի ընթացքում յոթ անձ է ձերբակալվել։ Այս մասին Amnews-ին հայտնել է Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ձերբակալությունները կատարվել են այն բանից հետո, երբ հավաքի մասնակիցները չեն կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները։ Ձերբակալվածները պատասխանատվության են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով, ըստ որի՝ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով (50 հազար դրամ)։
ՆԳՆ մամուլի քարտուղարը նշել է, որ հավաքի ընթացքում նախատեսված երթը արտոնված չի եղել, ինչի պատճառով ոստիկանությունը թույլ չի տվել դրա իրականացումը։ Ակցիան արտոնված է եղել Երևանի քաղաքապետարանի կողմից հունվարի 15-ին, սակայն հունվարի 16-ին թուլյտվության որոշումը չեղարկվել է:
Հիշեցնենք, որ Իրանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում բնակվող մի խումբ իրանցիներ։ Նրանք բողոքում են Իրանում ցուցարարների նկատմամբ իշխանությունների գործողությունների դեմ և հանդես են գալիս աշխարհիկ կառավարման պահանջով։ Ցուցարարները որոշել են երթ իրականացնել դեպի Կապույտ մզկիթ, սակայն ոստիկանության կողմից այն արգելվել է, ինչից հետո հավաքի մասնակիցները նստացույց են սկսել դեսպանատան դիմաց։
Ցուցարարները վանկարկում են՝ «մահ Խամենեին», «ազատություն Իրանին», «ժողովրդավարություն Իրանին», «կանգնեք Իրանի կողքին», «կեցցե Ռեզա շահը»: Ռեզա Փահլավիի նկարով պաստառներ են պարզում՝ «King Pahlavi» գրությամբ:
Այս ամենին նախորդել էր Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամի դժգոհությունը: Նա հունվարի 14-ին նա հայտարարել էր, որ Իրանին անհանգստացնում է այն փաստը, որ Երևանում Իրանի դեսպանատան առջև բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Փաշինյանն էլ ի պատասխան դրա հայտարարել էր, որ Հայաստանն ամեն ինչ կանի բարեկամական և եղբայրական Իրանի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ։
