ՀայաստանՍոցիալական

Ազգային ժողովն ընդունեց կրիպտոարժույթների ոլորտը կարգավորող օրենքը

Հայաստանի Ազգային ժողովը մայիսի 29-ին ընդունեց կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող օրինագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 68 պատգամավոր, ձեռնպահ՝ 28-ը։

Ըստ օրենքի՝ կրիպտոակտիվներով առևտուր և ներդրումներ իրականացնող ընկերությունների համար սահմանվում են գործունեության հստակ կանոններ։ Կենտրոնական բանկի տեղեկացմամբ՝ պահանջները տարբեր կլինեն՝ կախված գործունեության բնույթից։ Ներդրումային խորհրդատվություն տրամադրող կազմակերպությունների նկատմամբ պահանջները կլինեն մեղմ, մինչդեռ կրիպտոբորսաների և կրիպտոակտիվներ թողարկող ընկերությունների նկատմամբ՝ առավել խիստ։

ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանի խոսքով՝ կարգավորումները խստանալու են հատկապես այն ընկերությունների պարագայում, որոնք առնչվում են հաճախորդների հաշիվների անվտանգությանը։

Նոր կարգավորումները վերաբերելու են նաև բանկերին։ Եթե նախկինում նախատեսվում էր, որ բանկերը կարող են ԿԲ-ի լրացուցիչ թույլտվությամբ մատուցել ծառայություններ կրիպտոարժույթով, ապա այժմ դրա համար պահանջվում է ստեղծել առանձին ընկերություն, որը պետք է լիցենզավորվի ԿԲ-ի կողմից։