
Տրանսպորտային միջոցների մասերի գողությունը կդառնա միջին ծանրության հանցանք․ կրկնվող հանցագործությունների թիվն աճում է
Մայիսի 27-ին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է խստացնել պատժաչափերը տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի՝ հայելիների, լուսարձակների, համարանիշների և այլ դրսից հեշտությամբ ապամոնտաժվող տարրերի գողության դեպքերում։
Փոփոխությունների հիմքում ընկած է վերջին տարիներին արձանագրված հանցագործությունների զգալի աճը։ Նման գողությունները հաճախ իրականացվում են կրկնվող բնույթով, երբ նույն անձը մի քանի անգամ կատարում է նույնատիպ հանցանք։ Ազգային ժողովում Ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը ընգծեց, որ օրենքով սահմանված պատժամիջոցների թուլությունը նպաստել է անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը։
«Արարքը, սահմանելով միջին ծանրության, մասնավոր մեղադրանքի տիրույթից կտեղափոխվի հանրային մեղադրանքի տիրույթ»,- հայտարարեց փոխնախարարը՝ հավելելով, որ խնդիրը միայն հայտնաբերման մեջ չէ. «Կատարված հանցագործությունների 30 տոկոսի մասով հայտնաբերված անձինք կան, բայց խնդիրն այն է, որ միևնույն անձը կարող է նույն հանցագործությունը մի քանի անգամ կատարել»:
Նախագծով առաջարկվում է Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածում ավելացնել նոր՝ 2.1 ենթակետ, որով տրանսպորտային միջոցների մասերի գողությունը կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք՝ նախկինում սահմանված «ոչ մեծ ծանրության» փոխարեն։
Օրենքի նախագծով նախատեսվում է, որ տրանսպորտային միջոցի մասերի գողության համար սահմանվի խստացված պատիժ՝ տուգանք քսանապատիկից հիսնապատիկի չափով, հանրային աշխատանքներ՝ 150-270 ժամ տևողությամբ, ազատության սահմանափակում՝ 1-3 տարի ժամկետով, կարճաժամկետ ազատազրկում՝ 1-2 ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ 2-5 տարի ժամկետով։