Հայաստանում ամուսնությունների միջին տարիքը բարձրանում է, ամուսնալուծությունների թիվը մնում է զգալի
Վերջին տարիներին Հայաստանում տղամարդիկ և կանայք ավելի ուշ են ամուսնանում, մինչդեռ ամուսնությունների և ամուսնալուծությունների հարաբերակցությունը շարունակում է պահպանվել բարձր մակարդակի վրա։
Հայաստանում ամուսնությունների և ամուսնալուծությունների վերաբերյալ վիճակագրությունը ձևավորվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հիման վրա, որոնք ստացվում են ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրից։ Տվյալների հիման վրա հաշվարկվում են ամուսնության և ամուսնալուծության ընդհանուր գործակիցները՝ 1000 բնակչի հաշվով։
Պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում շարունակում է բարձրանալ առաջին ամուսնության միջին տարիքը։ Եթե 2014 թվականին կանայք առաջին անգամ ամուսնանում էին միջինում 26․3 տարեկանում, ապա 2024 թվականին այդ ցուցանիշը հասել է 29․1-ի։ Տղամարդկանց դեպքում նույն ժամանակահատվածում առաջին ամուսնության միջին տարիքը բարձրացել է 29․4-ից մինչև 32․6 տարեկան։
Վերլուծաբանների դիտարկմամբ՝ կանանց ամուսնության միջին տարիքը ընդհանուր առմամբ ավելի բարձր է, քան առաջին անգամ մայրանալու միջին տարիքը։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ամուսնությունների գրանցումը հաճախ կատարվում է երեխայի ծննդից հետո, ինչպես նաև երկրորդ և հաջորդ ամուսնությունների առկայությամբ, որոնք գրանցվում են ավելի բարձր տարիքում։
2024 թվականին Հայաստանում գրանցվել է 15 324 ամուսնություն և 4 689 ամուսնալուծություն։ Թվերը վկայում են, որ ընտանիք կազմելու գործընթացը Հայաստանում աստիճանաբար հետաձգվում է, սակայն ամուսնալուծությունների մակարդակը շարունակում է մնալ հասարակական կարևոր խնդիր։
