ՀայաստանՍոցիալական

Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հրաժարական է ներկայացրել

ՀՀ ոստիկանության պետ, Ներքին գործերի փոխնախարար Արամ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և ազատվել զբաղեցրած պաշտոնից ու ոստիկանությունում ծառայությունից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

Հովհաննիսյանը հայտարարությամբ է հանդես եկել, նշելով, որ ծառայությունից ազատման դիմումի որոշումը կայացրել է ինքնուրույն։

Հովհաննիսյանը ոստիկանապետի պաշտոնում նշանակվել էր 2023 թվականի հունվարին, մինչ այդ երկար տարիներ զբաղեցրել էր ոստիկանության տարբեր ղեկավար պաշտոններ։ 2020-2023 թվականներին եղել է ոստիկանության պետի առաջին տեղակալ։ Ներքին գործերի համակարգում աշխատել է 1990 թվականից։

Հովհաննիսյանի պաշտոնավարման տարիները նշանավորվեցին մի շարք աղմկահարույց իրադարձություններով։ 2024 թվականի հունիսին Ազգային ժողովի շենքի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ, երբ ոստիկանությունը կիրառեց լուսաձայնային նռնակներ, վնասվածքներ ստացան 101 քաղաքացի և ոստիկան։

Բացի այդ, Հովհաննիսյանի ընտանիքի գործունեությունն էլ հաճախ է եղել մամուլի ուշադրության կենտրոնում։ Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ Հրաչյա Հովհաննիսյանը, սեփականացրել է Ոստիկանության կողմից օգտագործվող կայանատեղիի տարածքը, զավթել է Երևանի համայնքային հողամասը, իրականացրել ապօրինի շինարարություն, որը հետագայում օրինականացվել է Երևանի քաղաքապետարանի որոշումներով։