ՀայաստանՍոցիալական

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Ամիրյան փողոցում և Մաշտոցի պողոտայում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով 2025 թվականի հունիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն Ամիրյան փողոցում և Մաշտոցի պողոտայում:

Ամիրյան փողոցում՝ Սարյան փողոցից եկող ուղղությամբ, 15/2 համարի հասցեի հարակից ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը:

Նմանատիպ արգելք կգործի նաև Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա – Պարոնյան փողոցի փակուղի խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա – Սրբ. Գրիգոր Լուսավորչի փողոց խաչմերուկ:

Ամիրյան – Կողբացու փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ երթևեկելի մասի աջ կողմում նույնպես կարգելվի մեքենաների կանգառը:  

Մաշտոցի պողոտայում՝ Պուշկինի փողոցից եկող ուղղությամբ, երրորդ երթևեկելի գոտուց նախկինում թույլատրված «միայն ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և ձախ» ուղղություններով: 

Ամիրյան փողոցից կարգելվի հետադարձը: Մաշտոցի պողոտայից և Ամիրյան փողոցից ձախ շրջադարձ կատարելիս անհրաժեշտ է զիջել հանդիպակաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին:  

Սեդա Մարտոյան