ՀայաստանՍոցիալական

Wildberries-ը Հայաստանում կկառուցի լոգիստիկ կենտրոն՝ աջակցելով տեղական բիզնեսին

Ռուսական առաջատար առցանց մանրածախ վաճառող Wildberries-ը հայտարարել է Հայաստանում ժամանակակից լոգիստիկ կենտրոն կառուցելու իր ծրագրերի մասին։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի հեշտացնել տեղական արտադրողների և ձեռնարկությունների մուտքը միջազգային շուկաներ՝ ապահովելով ավելի արագ առաքում և նվազեցնելով լոգիստիկ ծախսերը։

Հայաստանում լոգիստիկ կենտրոն բացելու մասին գաղափարը քննարկվել է   «Էլեկտրոնային առևտուր առանց սահմանների․ Ռուսաստան-Հայաստան» համաժողովի ընթացքում։ Այն կազմակերպվել էր Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կայացած Տասներորդ միջտարածաշրջանային ֆորումի շրջանակում։

Wildberries-ի միջազգային բիզնեսի զարգացման վարչության տնօրեն Ռաֆայել Աբրահամյանը իր խոսքում շեշտեց տեխնոլոգիական առաջընթացի և միջազգային համագործակցության դերը՝ սահմաններից դուրս իրականացվող առևտրի զարգացման գործում։ Նա նշեց, որ Հայաստանում ժամանակակից լոգիստիկ պահեստի կառուցումը ստրատեգիական քայլ է, որը նոր հնարավորություններ կստեղծի տեղական ձեռնարկությունների, արտադրողների և արտահանողների համար։

Նախագծի շրջանակում նախատեսվում է նաև համագործակցություն Հայաստանի ազգային փոստային օպերատոր «Հայփոստ»-ի հետ։ Ըստ ստորագրված հուշագրի՝ «Հայփոստ»-ի մասնաճյուղերում կբացվեն Wildberries-ի առաքման կետեր, ինչպես նաև կկառուցվի համատեղ լոգիստիկ կենտրոն։ Այս քայլերը կնպաստեն հայկական արտադրանքի արտահանմանը և վաճառքի ծավալների աճին։

Wildberries-ը ներկայումս գործում է ութ երկրում՝ ներառյալ Հայաստանը, և ունի ավելի քան 58,000 առաքման կետ։ Ընկերությունը նախատեսում է շարունակել իր լոգիստիկ ցանցի ընդլայնումը՝ աջակցելով տեղական բիզնեսին և խթանելով տնտեսական զարգացումը։

Սեդա Մարտոյան