
Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժածներին ցուցաբերվել է 181 միլիոն դրամի աջակցություն
Լոռու և Տավուշի մարզերում գարնանը տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետևանքով տուժած տնտեսվարողներին արդեն իսկ տրամադրվել է 181 միլիոն դրամի աջակցություն։ Այս մասին Ազգային ժողովի տնտեսական և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Աջակցություն ստացել է 155 շահառու։ Գործընթացը շարունակվում է, քանի որ տնտեսվարողներին հնարավորություն է տրվել ճշգրտել և վերավերկայացնել փաստաթղթերը։
2024 թվականի մայիսի 25–26-ին Դեբեդ և Աղստև գետերի հորդառատ ջրհեղեղը վերջին 65 տարիների ամենաավերիչն էր Հայաստանում։ Աղետից տուժել էր 9 խոշորացված համայնք և ավելի քան 40 հազար մարդ, տարհանվել՝ մոտ 2,5 հազար քաղաքացի, զոհվել՝ 4 մարդ։ Ամենաշատը տուժել էր Ալավերդի քաղաքը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ աղետի հետևանքների վերացման և փլուզումների վերականգնման նպատակով նախատեսվում է ևս 6,6 միլիարդ դրամի աջակցություն, իսկ կառավարության, ՄԱԿ-ի և ԵՄ-ի համատեղ գնահատմամբ՝ անհրաժեշտ ընդհանուր օգնության ծավալը կազմում է շուրջ 110 միլիոն դոլար։
Ջրհեղեղը լուրջ վնաս էր հասցրել ինչպես տրանսպորտային ենթակառուցվածքներին, այնպես էլ գյուղատնտեսությանը։ Ավերվել կամ վնասվել էին 11 ավտոմոբիլային և 20 հետիոտնային կամուրջներ, 20 կմ ճանապարհ, հեղեղվել էր շուրջ 160 հա հողատարածք, շարքից դուրս էին եկել ոռոգման ցանցեր և պոմպակայաններ։