
Սևանա լճում կսկսեն վերականգնել կողակ ձկնատեսակը
2025 թվականին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պատրաստվում է Սևանա լիճ բաց թողնել մոտ 2 հազար կողակի առանձնյակ՝ լճում այդ հայկական էնդեմիկ ձկնատեսակի պոպուլյացիայի վերականգնման նպատակով։
Այս մասին այսօր Ազգային ժողովում «ՀՀ 2024 թ. պետբյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Նա տեղեկացրեց, որ երկար տարիներ լիճ են բաց թողնում իշխանի մանրաձկներ՝ 2024 թվականին բաց է թողնել 389 հազար, 2025-ին նախատեսվում է 520 հազար, իսկ հետագայում՝ տարեկան մինչև մեկ միլիոն հատ իշխանի մանրաձկների բացթողում։ Սրա հիմնական նպատակը այս էնդեմիկ ձկնատեսակի պոպուլյացիայի քանակի ավելացումն է։
Այս տարի նախարարությունը ձեռք է բերել նաև 2 հազար կողակի նոր առանձնյակ, որոնք մոտ ապագայում կթողնվեն լիճ։ Կողակը, ինչպես իշխանը և բեղաձուկը, հայկական էնդեմիկ ձկնատեսակ է, որը հիմնականում ձվադրում է ափամերձ գոտում։
Սևանա լճի ջրի մակարդակի իջեցումն ու աղտոտումը մեծ վնաս են հասցրել կողակի բնական ձվադրման վայրերին, ինչի արդյունքում այս ձկնատեսակը գտնվում է վերացման եզրին։ Վերականգնման այս ծրագրի նպատակն է պահպանել և բազմապատկել կողակի պոպուլյացիան՝ ապահովելով լճի էկոհամակարգի կայունությունը։