Հայաստանում պարտադիր զինցառայությունից ազատվողների թիվը նվազել է
2023 թվականին մտավոր հետամնացության հիմքով պարտադիր զինծառայությունից ազատվել է ավելի քան 500 քաղաքացի, մինչդեռ 2024-ին այդ թիվը կտրուկ նվազել է՝ հասնելով ընդամենը 220-ի։ Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ներկայացնելով վերջին տարիների զորակոչի վիճակագրական փոփոխությունները։
Ըստ Սարգսյանի՝ 2022 թվականին ընդհանուր հիվանդությունների պատճառով պարտադիր զինծառայությունից ազատվել է 1425 քաղաքացի, 2023-ին՝ 1433 քաղաքացի, իսկ 2024-ին՝ վարչապետի հանձնարարականներից հետո այդ թիվը նվազել է մինչև 158։ Այսինքն՝ շուրջ 1300-ով պակասել է բանակից առողջական խնդիրների հիմքով ազատվողների թիվը։ Պատգամավորի խոսքով՝ սա խիստ վերահսկողության արդյունք է։
Խողովակները փակելու գործընթացը սկսել ենք՝ նպատակ ունենալով նվազեցնել զորակոչից խուսափելու անօրինական մեխանիզմները։ Այդ գործընթացը տալիս է իր արդյունքը, սակայն դրա հետևանքներից մեկն էլ արտագաղթի կտրուկ աճն է։ Մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ երիտասարդները նախընտրում են լքել երկիրը՝ բանակից խուսափելու փոխարեն,- նշել է Սարգսյանը։
Նա ընդգծել է նաև խնդրի սոցիալական կողմը՝ շեշտելով, որ առկա կարգը հաճախ անարդար է։
Պարտադիր զինծառայության հիմնական բեռը ընկնում է սոցիալապես պասիվ խավի վրա՝ այն ընտանիքների, ովքեր չունեն գումար կամ լծակ՝ իրենց զավակներին ազատելու ծառայությունից։ Պետք է բանակ գնալու բեռը բաշխվի ավելի արդար կերպով, և հենց այդ նպատակով ենք հանդես գալիս առաջարկով՝ փոխել գործող կարգավորումները։
Պատգամավորի ներկայացրած նոր օրենսդրական նախագծով նախատեսվում է ստեղծել կամավոր-վարձատրվող համակարգ, որի միջոցով զինծառայողները հնարավորություն կստանան որոշ դեպքերում կրճատել ծառայության ժամկետը կամ ծառայության ավարտին ստանալ խոշոր միանվագ գումար։ Այս քայլը, ըստ նրա, կարող է նվազեցնել բանակից խուսափելու թե՛ անօրինական, թե՛ արտագաղթային մեխանիզմները։
Առաջարկվող փոփոխություններն ուղղված են պարտադիր զինծառայության համակարգը ճկուն և արդար դարձնելուն, սակայն միևնույն ժամանակ ընդդիմադիրները ունեն մտահոգություններ։
Ըստ ընդդիմադիրների՝ սա ոչ միայն հակասում է հավասարության սկզբունքին, այլ նաև վտանգավոր նախադեպ է ստեղծում։ Բանակում ծառայելը պետք է դիտարկվի որպես քաղաքացիների համահավասար պարտականություն, որը չի կարող պայմանավորված լինել ֆինանսական հնարավորություններով։ Հակառակ դեպքում՝ ձևավորվում է «երկու արագությամբ հայրենասիրություն»․ մեկի համար՝ բարձր վճարի դիմաց ազատում, մյուսի համար՝ անխուսափելի պարտավորություն։
Ավելին, նրանց գնահատմամբ, նման փոփոխությունը կարող է կործանարար ազդեցություն ունենալ հանրային վստահության վրա։
Այս տեսակետից ընդդիմադիրները գտնում են, որ զինվորական ծառայության իրական բարեփոխումը պետք է սկսվի ոչ թե ֆիլտրերի միջոցով զորակոչվողների թվի կրճատումից կամ վճարովի ազատման մեխանիզմից, այլ՝ համակարգային արդարության հաստատումից՝ պայմանների, սոցիալական երաշխիքների, կրթական ու մասնագիտական հեռանկարների ստեղծմամբ բոլորի համար։
Հիշեցնենք, որ այս նախագծին դեմ էր արտահայտվել նաև Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
