ՀայաստանՍոցիալական

Հայաստանը և Եվրամիությունը պատրաստվում են 7 միլիոն եվրոյի ծրագրեր իրականացնել Հայաստանի ներքին գործերի ոլորտում

Հայաստանի Ներքին գործերի նախարարությունն ու Եվրոպական միությունը նախատեսում են առաջիկայում կյանքի կոչել շուրջ 7 միլիոն եվրո արժողությամբ կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրեր։ Դրանք ուղղված են ներքին անվտանգության ոլորտի բարեփոխումներին, ճգնաժամային կառավարման համակարգի վերանայելուն, ինչպես նաև աղետների ռիսկերի նվազեցմանն ու փրկարար ծառայության արդիականացմանը։

ԵՄ-ի Ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը բարձր է գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը՝ ընդգծելով, որ Հայաստանը Եվրամիության համար շարունակում է մնալ հուսալի գործընկեր։ Նրա խոսքով՝ ՆԳ նախարարության հետ համագործակցությունը կարող է օրինակ լինել տարածաշրջանային գործընկերության համար։ Նա վերահաստատել է նաև ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու բարեփոխումների խորացմանը։

Մյուս կողմից, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է համապարփակ և համակարգային վերափոխումների ընթացքը նախարարությունում և դրա ենթակա կառույցներում՝ մասնավորապես ընդգծելով, որ իրականացվող քաղաքականությունը միտված է արդյունքային կառավարմանը և քաղաքացիների անվտանգության նոր ստանդարտների ձևավորմանը։

ԵՄ ներկայացուցիչը դրական է գնահատել նաև ռեադմիսիոն համաձայնագրերի գործարկման ընթացքը՝ նկատելով, որ այն նպաստում է միգրացիոն գործընթացների վերահսկմանն ու քաղաքացիական պաշտպանությանը։

Կարևորվել է նաև Հայաստանի կողմից վերջերս ընդունված ճգնաժամային կառավարման նոր ռազմավարությունը, որը նախատեսում է արդյունավետ արձագանքման մեխանիզմների ներդրում՝ արտակարգ իրավիճակների ժամանակ։

Սեդա Մարտոյան