
Հայաստանում մարդիկ առավել շատ վստահում են բանակին ու կրոնին․ վարչապետին չի վստահում 42 տոկոսը
«Կովկասյան բարոմետր 2024» հարցման արդյունքներն արձանագրում են հանրային վստահության խոր բևեռացում՝ Հայաստանի պետական և հասարակական ինստիտուտների հանդեպ։ Հասարակությունը առավելապես վստահում է բանակին և կրոնական հաստատություններին, մինչդեռ քաղաքական համակարգը, դատական մարմիններն ու վերահսկող կառույցները շարունակում են մնալ անվստահության կենտրոնում։
Հարցվածների կեսից ավելին (74%) հայտարարել է, որ լիովին կամ որոշ չափով վստահում է բանակին։ Սա պետական համակարգի կառույցների շրջանում ամենաբարձր ցուցանիշն է։ Երկրորդ հորիզոնականում է դավանած կրոնի հաստատությունը՝ 62 տոկոսը լիովին, իսկ 17 տոկոսը՝ որոշ չափով վստահում է։
Զգալի աճ է նկատվում կրոնի հանդեպ վստահության մակարդակում՝ համեմատած 2021-ի հետ։ Այդ ժամանակ լիարժեք վստահություն էր հայտնել ընդամենը 11 տոկոսը, իսկ այժմ այդ ցուցանիշը գերազանցում է 60 տոկոսը։
Քաղաքական կուսակցություններին հարցվածների կեսից ավելին ընդհանրապես չի վստահում։ Ազգային ժողովի և դատական համակարգի նկատմամբ անվստահությունը նույնպես գերիշխող է։ Վարչապետին, նախագահին և նախարարներին հարցվածների 42 տոկոսը բոլորովին չի վստահում, մինչդեռ լիարժեք վստահություն արտահայտել է միայն 9-12 տոկոսը։
Տնտեսական և սոցիալական ոլորտներում կարծիքները բաժանված են։ Բանկերին լիովին վստահում է 14 տոկոսը, նույնքան էլ՝ կրթական համակարգին։ Ոստիկանության նկատմամբ վստահություն է հայտնել 16 տոկոսը, սակայն մոտ մեկ երրորդը չի վստահում։
ՀԱՊԿ-ի հանդեպ անվստահություն հայտնել է 50 տոկոսը, իսկ ՆԱՏՕ-ի նկատմամբ այդ ցուցանիշը կազմում է 39 տոկոս։ Վերջինիս հանդեպ վստահություն հայտնել է 7 տոկոսը։ Եվրամիությանը լիարժեք կամ որոշ չափով վստահում է հարցվածների 30 տոկոսը։ Լրատվամիջոցներին լիովին վստահում է միայն 4 տոկոսը, ԶԼՄ-ներին ընդհանրապես չի վստահում 34 տոկոսը։ Մարդու իրավունքների պաշտպանի և հասարակական կազմակերպությունների նկատմամբ նույնպես գերակշռում է անվստահությունը։
Տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ վստահությունը ցածր է․ լիովին վստահում է ընդամենը 12 տոկոսը, մինչդեռ 36 տոկոսը բոլորովին չի վստահում։