
Կբարձրանա՞ն աշխատավարձերն ու թոշակները. պատասխանը՝ հուլիսից ոչ շուտ
Հայաստանի կառավարությունը հուլիսից սկսած կքննարկի պետական գերատեսչությունների բյուջետային հայտերը, ծախսերի կառուցվածքն ու ոլորտային քաղաքականությունները։ Այս գործընթացից հետո միայն պարզ կլինի՝ հնարավո՞ր է արդյոք 2026 թվականից բարձրացնել նվազագույն աշխատավարձն ու թոշակները։
Եթե լսել եք՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշել է, որ թոշակի առաջիկա բարձրացումները տեղի են ունենալու անկանխիկի վերադարձի տոկոսների փոփոխության միջոցով: Քննարկում կլինի, թե այդ տոկոսների փոփոխությունն ինչ չափով և ինչ ծախսերի հաշվին տեղի կունենա, — նշել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
2026 թվականից սկսած պետական բյուջեի նախագիծը կկազմվի եռամյա ֆորմատով, այսինքն՝ կկազմվի մեկ տարվա բյուջեի և առաջիկա երկու տարվա բյուջեների հեռանկարների փաստաթղթերից։ Ավելի վաղ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարել էր, որ թոշակների բարձրացումը առաջիկայում տեղի է ունենալու անկանխիկ վճարումների վերադարձի միջոցով։ Վահե Հովհաննիսյանն էլ նշեց, որ կքննարկվի նաև թոշակներից ծախսված անկանխիկ գումարների՝ գործող տոկոսների հնարավոր ավելացման հարցը։
Հիշեցնենք, որ նվազագույն աշխատավարձը վերջին անգամ բարձրացվել է 2023 թվականի հունվարի 1-ին՝ 68 հազար դրամից մինչև 75 հազար դրամ։ Նվազագույն թոշակը 36 հազար դրամ է։