Հայաստանում խստացվում են զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու պատժամիջոցները
Կառավարությունը ապրիլի 3-ի հավանություն տվեց Հայաստանի քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին, որոնցով նախատեսվում է խստացնել զինվորական ծառայությունից խուսափելու համար սահմանված պատժամիջոցները։
Փոփոխությունների համաձայն՝ զորակոչից խուսափելու դեպքում ազատազրկման ժամկետը կավելանա։ Ներկայում սահմանված է 2-5 տարվա ազատազրկում։ Նոր որոշմամբ կսահմանվի 3-6 տարի ժամկետ։ Վարժական հավաքներին չմասնակցելու համար ազատազրկման առավելագույն ժամկետը կդառնա 3 տարի՝ նախկին 2-ի փոխարեն։
Արդարադատության նախարարության տվյալներով՝ զորակոչից խուսափելու դեպքերը վերջին տարիներին աճել են։ 2023-ին հարուցվել է 1․499 քրեական գործ, մինչդեռ 2025-ին այդ ցուցանիշը հասել է 1․779-ի։
Օրինագիծը քննարկման կներկայացվի Ազգային ժողովում։