ՀայաստանՍոցիալական

Վանաձորի Բաղրամյան ուղեանցը հիմնանորոգվում է

Լոռու մարզում՝ Վանաձորում մեկնարկել է Բաղրամյան ուղեանցի հիմնանորոգումը։ Ուղեանցը, որը կապում է Դեմիրճյան փողոցը Մ-6 միջպետական ճանապարհի հետ, ենթարկվում է ամբողջական վերականգնման։

Նախագծով նախատեսված է վերականգնել բետոնային ծածկը, պաշտպանիչ շերտը, իրականացնել ջրամեկուսացում, տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ինչպես նաև կահավորել տրանսպորտային օբյեկտը անվտանգության տարրերով։ Կվերանորոգվեն նաև Դեմիրճյան փողոցի և Մ-6 ճանապարհի մոտեցումները։ Ուղեանցի երկարությունը կազմում է 160 մետր, լայնությունը՝ 14 մետր։ Շինարարությունը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

«Ճանապարհային դեպարտամենտ»-ի փոխանցմամբ, նախագծով նախատեսվում է ապամոնտաժել էստակադայի հին ծածկը և իրականացնել դրա հիմնանորոգում։

Տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Դավթյանի խոսքով՝ այս պահին քանդվել է երթևեկելի գոտիներից մեկի ծածկը, իրականացվում են բետոնացման աշխատանքներ, այդ թվում՝ մայթերի բետոնում։ Նրա հավաստմամբ, շինաշխատանքները կատարվում են շինարարական նորմերին համապատասխան։