ՀայաստանՍոցիալական

Քաղաքացիները նույնականացման քարտ ստանալու համար երկար հերթերի մեջ չեն մնա․ կառավարությունը ծրագրեր է մշակում

Վերջին ամիսներին նույնականացման քարտ ստանալու դիմումների քանակը կտրուկ աճել է։ Պատճառը կառավարության նախաձեռնած հայտարարագրման գործընթացն է, որի արդյունքում քաղաքացիները շտապում են թարմացնել կամ ձեռք բերել իրենց նույնականացման քարտերը։

Կուտակումներից խուսափելու համար գործարկվել են երկու նոր տպագրական սարք, որոնք թույլ են տալիս նույնականացման քարտերը շատ ավելի արագ տպել։

Նախարարության տվյալներով՝ օրական այժմ հնարավոր է սպասարկել շուրջ 1000 քաղաքացու, սակայն նոր սարքավորումներով այս թիվը մոտ ապագայում կկրկնապատկվի։

2025 թվականի հունիսի 17-ի դրությամբ արդեն ստացվել է ավելի քան 131 հազար դիմում, որոնցից 120 հազարը տպագրվել է, իսկ ավելի քան 11 հազարը՝ տպագրության փուլում է։ Միևնույն ժամանակ, սպասման ցուցակում դեռ ավելի քան 52 հազար քաղաքացի կա, որոնց մեծ մասը՝ շուրջ 40 հազարը, երևանցի են։

Համեմատության համար՝ 2024 թվականին նույնականացման քարտ ստացել է 161 հազար քաղաքացի, ինչը երկու ու կես անգամ ավել է 2023-ի ցուցանիշից։ Այս տարվա կեսին տվյալները գրեթե հավասարվել են անցած տարվա ողջ ցուցանիշին։

Միևնույն ժամանակ, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը կոչ է անում քաղաքացիներին ուշադիր լինել հերթագրման ժամանակ։ Հայտնի է դարձել, որ շատերը հերթագրվել են՝ չնկատելով, որ արդեն իսկ ունեն վավեր նույնականացման քարտ։ Սա լրացուցիչ բեռ է ստեղծում համակարգի վրա։

Բացի այդ, բազմաթիվ քարտեր արդեն տպագրվել են, սակայն քաղաքացու կողմից դեռ չեն վերցվել՝ շարունակում են մնալ տարածքային ստորաբաժանումներում։

Սեդա Մարտոյան