ՀայաստանՍոցիալական

Երևանի հեռուստաաշտարակին հարող 2.6 մլն դոլար արժողությամբ հողատարածքը վերադարձվել է պետական սեփականության

Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնվել է Երևանի հեռուստաաշտարակին հարող հողատարածքի նկատմամբ։ Տարածքի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է ավելի քան 2 միլիոն 686 հազար դոլար (մոտ 1 միլիարդ 44 միլիոն դրամ)։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Խոսքը վերաբերում է Երևանի Գ․ Հովսեփյան փողոցում հեռուստաաշտարակին հարող շուրջ 17 հազար 730 քառակուսի մետր մակերեսով հողատարածքին, որն ունի «բնակավայրերի» նպատակային նշանակություն։ Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ներկայացրել էր հայց՝ խնդրելով դատարանին անվավեր ճանաչել դեռևս 2005 թվականի ապրիլի 13-ին Երևանի քաղաքապետարանի և մի քաղաքացու միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը։

Դրա հիման վրա էր կատարվել նաև սեփականության իրավունքի պետական գրանցում տվյալ հողամասի նկատմամբ։ Դատախազությունն այս պայմանագիրը համարել էր անօրինական։ 2025 թվականի մայիսի 8-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր դատախազության հայցը՝ ճանաչելով պայմանագիրն անվավեր։ Արդյունքում՝ հողատարածքը վերադարձվել է պետությանը։

Սեդա Մարտոյան